Բաժին. Տնտեսական

ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում կարևորելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորվել է համագործակցության տևական փորձ, որը պետք է ավելի ընդլայնել ու ամրացնել գործնական ծրագրերի միջոցով:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Սպահանի, Շիրազի, Թավրիզի, Թեհրանի քաղաքապետարանների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել և համատեղ ծրագրեր քննարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված` դրանով իսկ նպաստելով բարեկամական և համագործակային կապերի ամրապնդմանը Երևանի և Իրանի տարբեր քաղաքների միջև»,-նշել է Տարոն Մարգարյանը:  Քաղաքապետը, մասնավորապես, ընդգծել է  համագործակցության փորձը կանաչապատման ոլորտում և հույս հայտնել, որ ընթացիկ տարում այդ համագործակցությունը կշարունակվի:

Փոխանցելով Թեհրանի քաղաքապետի շնորհավորանքները Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` դեսպանն ընդգծել է երկու երկրների պատմամշակութային ընդհանրությունները և կարևորել գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը, ինչպես նաև փորձի փոխանակումը տրասպորտի բեռնաթափման, աղբի վերամշակման և կանաչապատման ծրագրերի իրականացման մասով:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, կարևորելով զբոսաշրջության առկա ներուժն ու զարգացման հնարավորությունները, առաջարկել է գործակցության կոնկրետ ծրագրեր քննարկել, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձևավորել և քննարկել հետագա համագործակցության հետ կապված խնդիրներ:

Share