Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ՀԱՂԹԵՑ ԿՈՆԳՐԵՍԻՆ

ԱՄՆ Սենատն ընդունել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկը և համաձայնել բարձրացնել երկրի պետական պարտքի թույլատրելի վերին սահմանը մինչև 16,39 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ մինչ այս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների զգալի մասը դեմ էր քվեարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված նախագծին, որը նախատեսում է այս երկրի պետական պարտքի վերին սահմանի բարձրացում` ևս մեկ մակարդակով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` այս որոշմանը դեմ էին արտահայտվել 415 կոնգրեսականներից 239-ը:

Ի պատասխան կոնգրեսականների նման որոշմանը` ԱՄՆ Սենատը, որը գլխավորում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, պատրաստակամություն էր հայտնել կողմ քվեարկել այս նախագծին, ինչը և իրականում տեղի ունեցավ:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանն ԱՄՆ-ն առաջին անգամ հայտնվել էր տեխնիկական դեֆոլտի եզրին, և երկրի պետական պարտքի վերին սահմանի բարձրացման ուղղությամբ «ցանկալի» որոշումն ընդունվել էր միայն երկարատև բանակցությունների արդյունքում: 

ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման նախագիծն, ընդհանուր առմամբ, ենթադրում է երկրի պետական փոխառությունների թույլատրելի վերին սահմանի բարձրացում` երեք փուլով (շուրջ 2.1-2.4 տրիլիոն դոլարով): Միևնույն ժամանակ, առաջիկա տաս տարիների համար նախատեսվում է ԱՄՆ բյուջեի պակասուրդի կրճատում` 2.1 տրիլիոն դոլարով:

Share