Տնտեսական

«Այգ-1» ծրագրի իրականացման համար հատկացվել է անհրաժեշտ հողամասը

ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել՝ ընդունել որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը Թալին համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը և որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման ընդունումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է 10 օրյա ժամկետում ապահովի հողամասերի` Համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, որից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է իրականացվի հողամասերով համալրումը ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։ 

Գործընթացն իրականացվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակում։ «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ներդրման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Ծրագիրը վերահաստատում է կառավարության հանձնառությունն՝ ուղղված  վերականգվող էներգետիկայի զարգացմանը,  ըստ որի նախատեսվում է  կառուցել  մինչև  1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև  2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ  հասցնել  առնվազն 15 տոկոսի:

Ծրագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, թե՛ ներդրումային, թե՛ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից:

Share