Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽՆԴԻՐԸ

Այսօր` փետրվարի 2-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը, առաջնորդվելով մարդկային կապիտալի զարգացման այն հիմնարար սկզբունքով, որ բարեկեցության կարևոր գրավական են կրթության բարձր մակարդակն ու մասնագիտական որակավորումը, հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության և կրթական ծրագրի իրականացման ծրագրին, միաժամանակ հաստատել նաև կրթական կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի և արդյունքների ամփոփագրի ձևերը։

Նշենք, որ այս կրթական ծրագրի իրականացման նպատակն է ուսումնասիրել զինծառայությունն ավարտող երիտասարդների կրթական հակումներն ու նախասիրությունները, մասնագիտական հմտությունների և ուսումնական առանձին առարկաների գծով գիտելիքների զարգացման միջոցով նրանց նախապատրաստել Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։

Այս նոր ծրագրի կապակցությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Մենք պատասխանատվություն ենք ստանձնում աշխատել բանակում յուրաքանչյուր զինծառայողի հետ, որպեսզի պարզենք, ինչպիսի կարողություններ և ցանկություն ունի այդ երիտասարդը բանակից հետո իր աշխատանքային կենսագրությունը կազմակերպելու առումով: Դա նշանակում է, որ մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմնորոշման հարցում և եթե զինծառայողները ցանկություն ունենան շարունակել իրենց ուսումը, պետությունը բանակից սկսած օժանդակելու է: Բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի զինծառայողը պատրաստվի բուհ ընդունվելու, իր ուսումը տեխնիկական որևէ ուսումնարանում շարունակելու, կամ աշխատանքով մասնագիտություն ստանալու համար: Պետությունն օգնելու է զինծառայողներին՝ իրենց աշխատանքի կամ ուսման խնդիրը լուծելու գործում: Սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաև մթնոլորտը և մեր ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկելով բանակը, շատ ավելի հանգիստ կինեն, իմանալով, որ պետությունը նաև ապահովելու է երիտասարդների կրթության շարունակականությունը»:

Share