Բաժին. Տնտեսական

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման միջոցով արտահանման ծավալի աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում ապահովելու նպատակով որոշել է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։ Վերջինիս գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։ ԱՏԳ գործունեության ժամկետ է սահմանվել 10 տարին: ԱՏԳ կազմակերպիչ է ճանաչվել «Սիտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ն։ Այսպիսով, ստեղծվել է Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին։

Որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Արձանագրում ենք, որ Հայաստանի նորանկախ պետականության պատմության մեջ առաջին անգամ պետությունն իրականացնում է ճյուղային արդյունաբերական քաղաքականություն մասնավոր հատվածի հետ։ Այսօր մենք դա հաստատեցինք, և այսօր նաև այդ ուղղությամբ առաջին քայլն ենք կատարում։ Այն գործիքներից մեկը, որով իրականացնելու ենք այդ քաղաքականությունը, ազատ տնտեսական գոտու գործիքն է, և մենք հայտարարում ենք այդ գործիքի օգտագործման սկիզբը։ Նաև հիշում եք, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում բազմիցս քննարկվել է այս ծրագիրը, և մենք շուրջ 3 տարի աշխատել ենք մեր ռուս գործընկերների հետ նաև այս հայեցակարգի վրա։ Պատրաստվել է մանրակրկիտ մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված են, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն ազատ տնտեսական գոտում»։

Share