Բաժին. Տնտեսական

PANASONIC-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը` ճապոնական  Panasonic Corporation ընկերությունը, հրապարակել է 2011-2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2011 թվականի դեկտեմբերի 31-ին, Panasonic-ի զուտ վնասը կազմել է 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Հաշվետու երեք ամիսների կտրվածքով ընկերության արտադրանքի վաճառքի ծավալները նվազել են 14%-ով և կազմել 25,74 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, 2011-2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով ընկերության կրած զուտ վնասը կազմել է 4.38 մլրդ դոլար, իսկ վաճառքի ծավալները, գրանցելով 10% անկում, կազմել են 78.4 մլրդ դոլար:

Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա համար ընկերությունը կանխատեսում է տարեկան զուտ վնաս` 10.34 մլրդ դոլար մակարդակում:

Panasonic ընկերությունը հիմնադրվել է 1918 թվականին:

Share