Տնտեսական

ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն օգնում է զարգացնել սերմերի համակարգի կառավարումը Հարավային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորս երկրներում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ այսօր մեկնարկած քառօրյա դասընթացի ընթացքում Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հյուսիսային Մակեդոնիայի պետական քաղաքականություն մշակողներն ու մասնագետները հնարավորություն կունենան ընդլայնել սերմերի որակի կառավարման, սերմերին առնչվող քաղաքականության շրջանակների և սերմերի որակի ապահովման ու հավաստագրման սկզբունքների մասին իրենց գիտելիքներն ու կարողությունները։

Սերմերը գյուղատնտեսական համայնքների կենսապահովման և ագրոպարենային համակարգերի կարևորագույն հիմքերից են: Դրանք մշակաբույսերի տեսակների և դրանց սորտերի գենետիկական ներուժի շտեմարանն են, որը ժամանակի ընթացքում ենթարկվել է շարունակական բարելավման և սելեկցիայի: Մշակաբույսերի պատշաճ և կայուն արտադրությունը կախված է սերմերի առկայությունից, մատչելիությունից և որակից:

Կազմակերպված դասընթացն ընդգրկում է սերմերի համակարգի կառավարման և հարակից այնպիսի թեմաների մասին տեղեկատվություն, ինչպիսիք են առկա իրավական բազան, սերմերի գրանցումը, ինչպես նաև դրանց հավաստագրումն ու  փորձարկում: Դասընթացի շրջանակներում  նախատեսվում է անցկացնել սերմերի լաբորատոր փորձարկում և այցելություն Գյումրու սելեկցիոն կայան և Գեղարքունիքի մարզի սերմարտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններ: Դասընթացի կազմակերպմանն աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Դասընթացը կազմակերպվել է ՊԳԿ-ի «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի կայունության բարձրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարելավել սերմերի համակարգերը և զարգացնել սերմերի կառավարման ազգային կարողությունները վերոնշյալ երկրներում: Ծրագրի նպատակներից է նաև կլիմայի նկատմամբ դիմակայուն սերմերի համակարգերի հզորացման շրջանակում սերմերի արտադրության ոլորտում մասնագետների և արտադրողների կարողությունների զարգացման միջոցով խթանել բարձրորակ սերմերի արտադրությունն ու օգտագործումը:

Բոլոր չորս երկրներն էլ բախվում են նույնանման խնդիրների, սերմերի արտադրության, բաշխման և որակի ապահովման համակարգերում առկա են բազմաթիվ բացեր, ինչպես նաև բազմաթիվ այլ խոչընդոտներ, որոնք արդյուն են սերմերի պատշաճ քաղաքականության բացակայության:

«Այս խնդիրներին արձագանքելու նպատակով աջակցություն է տրամադրվում երկրների սերմերի համակարգի կատարելագործմանը ծրագրային մոտեցմամբ՝ ընդլայնելով պետական կարողությունները տնկանյութի և սերմացուի հավաստագրման, որակի վերահսկման նպատակով լաբորատոր փորձարկումների իրականացման, նոր սորտերի փորձարկման մեթոդոլոգիաների մշակման և ադապտացման, ինչպես նաև երկրների միջև համագործակցության և գիտելիքների փոխանակման խթանման առումով», – ասաց ՊԳԿ-ի գյուղատնտեսական հարցերով տարածաշրջանային մասնագետ Տանյա Սանտիվանեզը:

2020թ․ գարնանը ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանում իրականացվել են մի շարք աշխատանքներ, ներառյալ․

  • Հայաստանի սերմերի համակարգին վերաբերող օրենսդրության ուսումնասիրություն,
  • սերմերի համակարգի գնահատում «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ,
  • սերմերի համակարգի, ֆերմերային տնտեսությունների վրա հիմնված մոտեցումների և կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսական գործունեության տվյալների վերլուծության մասին զեկույցի մշակում,
  • երկու մարզերում սերմերի բազմացման վերապատրաստման դասընթացների անցկացում,
  • Սերմերի հավաստագրման և աճեցման կարողությունների զարգացման նպատակով փորձագետների ուսումնական այց և դասընթացներ։
Share