Բաժին. Տնտեսական

ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՈՒՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

2011 թվականի արդյունքներով ՀՀ մանրածախ առևտրի շրջանառության համախառն ծավալի ավելի քան 80%-ը բաժին է ընկել մայրաքաղաքին: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հաշվետու այս մեկ տարում Երևան քաղաքում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 1076.3 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, ամբողջ հանրապետությունում մանրածախ առևտրի շրջանառության տարեկան համախառն ծավալը կազմել է 1294.8 մլրդ դրամ:

Մանրածախ առևտրի աշխուժության տեսանկյունից ՀՀ մարզերից փոքր-ինչ առանձնացել են Շիրակի (բաժին է ընկել ՀՀ առևտրի շրջանառության 3.4%-ը), Կոտայքի (2.8%), Արմավիրի (2.3%) և Արարատի (2.2%) մարզերը:  ՀՀ մյուս մարզերին բաժին է ընկել մանրածախ առևտրի «հանրապետական» շրջանառության 2%-ից պակաս ծավալ:

Նշենք նաև, որ 2011 թվականին գրանցված ցուցանիշների համաձայն` մեր հանրապետությունում մեկ բնակչին բաժին ընկնող մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 396.1 հազար դրամ, ընդ որում միայն Երևան քաղաքում ցուցանիշը կազմել է 957.1 հազար դրամ, մինչդեռ մարզերում այն չի գերազանցել 160 հազար դրամը:

Share