Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Այսօր` փետրվարի 8-ին, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի խմբի Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է գործարարների համար նվազեցնել վարչական բեռը և բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը ` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ:

Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անունից` Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Համաձայնագրի շրջանակներում կիրականացվի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիր»-ը: Ծրագիրը հիմնված է IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» (2009-2011թթ.) արդյունքների վրա, որն իրականացվել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության շնորհիվ:

«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկը գործարար միջավայրի բարելավումն է, որն անհրաժեշտ է ինչպես գործարարների համար առավել բարենպաստ պայմանների ապահովման և օտարերկրյա ներդրումների ներգրավման, այնպես էլ միջազգային շուկայում Հայաստանի գլոբալ մրցունակության բարձրացման համար», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա հավելել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում, և դրանցից մեկն էլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ իրականացվող «Ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրն է:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` բարենպաստ ներդրումային միջավայրը կամրապնդի Հայաստանի մասնավոր հատվածը և կնպաստի երկրում տնտեսական աճին: Համագործակցելով IFC-ի հետ` ՀՀ Կառավարությունը «Ներդրումային միջավայրի բարեփոխումներ» խորհրդատվական ծրագրի շրջանակներում կիրականացնի մի շարք բարեփոխումներ` հարկային, արտաքին առևտրի, տեսչական ստուգումների և սննդի անվտանգության ոլորտներում: IFC-ն նաև կաջակցի ՀՀ կառավարությանը վերոհիշյալ բարեփոխումների վերաբերյալ գործարարներին իրազեկ պահելու հարցում:

«Մենք ողջունում ենք կառավարության պատրաստակամությունը Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ընթացքը ավելի դյուրին դարձնելու հարցում», – ասել է IFC-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը: «Հայաստանն արդեն առաջընթաց է արձանագրել այս ոլորտում, որը հաստատվել է Doing Business 2012 հաշվետվության արդյունքներով: Պատրաստ ենք աջակցել կառավարությանը հետագա բարեփոխումների իրականացման գործընթացում, որոնք կնպաստեն հայ գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- նշել է Կովկասի տարածաշրջանի ղեկավարը:

Նշենք, որ նախորդ ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը մեկնարկել ձեռնարկությունների գրանցման համար նախատեսված առաջին «մեկ պատուհանի» համակարգը, օգնել է թեթևացնել հարկային և մաքսային ընթացակարգերը: IFC-ն նաև օժանդակել է ՀՀ կառավարությանը` երկրում գործարարների ստուգման գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև շինարարության թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ ժամանակի կրճատման գործում:

Share