Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԼԱ ՓՈՍՏ»-Ը ԿՕԳՆԻ «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` փետրվարի 8-ին, ընդունել է ֆրանսիական “Լա փոստ” ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին եւ ընկերության միջազգանյին կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության Մամուլի ծառայությունից` հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են “Լա փոստ” եւ “Հայփոստ” ընկերությունների միջեւ 2010թ.-ին կնքված ծառայությունների համաձայնագիրը: Ֆրանսիական կողմը նախարարին մանրամասն ներկայացրել է համաձայնագրով իրենց վերապահված գործառությունների շրջանակներում կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները:   

“Լա փոստ” ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլիը տեղեկացրել է, որ երկու փուլից կազմված աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի: Այն ներկայացնում է փոստային բաժանմունքների արդիականացմանը, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանը, ծանրոցների տեսակավորման կենտրոննների կառուցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:

Մ.Վարդանյանը  ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են “Հայփոստ”-ի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը “Լա փոստ” ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել  իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ “Հայփոստ”-ի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում:

Կողմերը անդրադառձել են նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներին: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:

Share