Բաժին. Տնտեսական

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԷԼ.ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԺԵՆԱ 3500 ԴՐԱՄ

ՀՀ կառավարությունը որոշել է սուբսիդավորել փոքր բիզնեսի ներկայացուցիչների էլեկտրոնային թվային ստորագրությունների արժեքի մի մասը։ Ընդունված որոշման շնորհիվ` նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող շուրջ 1106 կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր հնարավորություն կստանան էլեկտրոնային թվային ստորագրությունները ձեռք բերել 3500 դրամով` 13000 դրամի փոխարեն։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է սույն որոշումը`  նշելով, որ էլեկտրոնային ստորագրության սուբսիդավորումը, որ յուրաքանչյուրի համար կազմում է 9500 դրամ, հերթական օժանդակությունն է փոքր բիզնեսին։

Նշենք, որ էլեկտրոնային թվային ստորագրությունը էլեկտրոնային պայմանանշանների եզակի հաջորդականություն է, որը կցված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար: Այն կիրառվում է էլեկտրոնային հաշվետվություններ հանձնելիս, ինչպես նաև ցանկացած փաստաթղթաշրջանառության ժամանակ:

Share