Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2012 թվականի հունվարին, դեկտեմբերի համեմատ, վերջին վեց ամիսների ընթացքում առաջին անգամ պարենի համաշխարհային գների ինդեքսը (Food Price Index, FFPI) աճել է և կազմել 214 կետ: Միևնույն ժամանակ, սակայն, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ ինդեքսի ցուցանիշը գտնվում է 7% ցածր մակարդակում: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Համաձայն ներկայացված տվյալների` հունվարին աճել են բոլոր պարենային ապրանքների գները, որոնք ընդգրկված են ինդեքսի կազմում: Ընդ որում, առավել զգալի աճել են ձեթի, հացահատիկի, շաքարի, կաթնամթերքի ու մսամթերքի համաշխարհային գները: Այսպես, շաքարի գնի ինդեքսը (Sugar Price Index) հունվարին աճել է 2.3%-ով, ձեթի գնի ինդեքսը (Oils Price Index) գրանցել է 3%աճ, մսամթերքի գնի ինդեքսն (Meat Price Index) աճել է 0,5%-ով:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ստեղծվել է 1945թ.-ին: Ներկայումս ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգում գործող ամենամեծ մասնագիտացված կառույցն է, որն ունի 183 անդամ երկրներ եւ մեկ անդամ կազմակերպություն` Եվրամիությունը: ՊԳԿ-ի հատուկ առաջնայնություններից է գյուղատնտեսության կայուն զարգացումը, սննդի արդյունաբերության և սննդի անվտանգության աճի ապահովումն ու բնական ռեսուրսների պահպանման երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը:

Share