Տնտեսական

ՄՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոն ուսումնասիրել են ՀՀ-ում բուսական յուղի շուկան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել  է բուսական յուղի շուկան:

Ուսումնասիրությունն իրականացվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ներգրավել նաև գիտական ներուժը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրության շրջանակում օգնել է իրականացնել հնարավոր կանխատեսումներ և գնահատել միջազգային և տեղական շուկաների ապագա տենդենցները։ Հանձնաժողովը գնահատել է իրացման բոլոր շղթաներում տնտեսավարողների վարքագիծը և վերհանել շուկայում առկա մրցակցային խնդիրները։

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

Վերջին տասը տարիների ընթացքում բուսական յուղի համաշխարհային պահանջարկը ավելացել է շուրջ 40%-ով։ Կտրուկ աճ է գրանցել որպես բիովառելիք բուսական յուղի օգտագործումը՝ միջին տարեկան աճը կազմել է 21.4%։

Բուսական յուղի արտադրությամբ զբաղվող առաջատար խոշոր երկրներն են Ինդոնեզիան, Չինաստանը և Մալայզիան, որոնք 2021 թ.-ին միասին ապահովել են բուսական յուղի համաշխարհային արտադրության շուրջ 47.4%-ը: Խոշոր արտադրողներ են հանդիսանում նաև ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը։

ՀՀ-ում բուսական յուղն ամբողջությամբ ներմուծվում է և օգտագործվում սննդային նպատակով։ 2021 թվականին արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղերի ընդհանուր ներմուծումն իրականացվել է շուրջ 100 տնտեսավարողի կողմից՝ կազմելով շուրջ 25.5 հազար տոննա, ներմուծումների 98%-ն իրականացվել է ՌԴ-ից։

Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջատար 3 տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները շուկայում գրեթե հավասար են եղել: Նրանց մասնաբաժինների հանրագումարը 2020թ․-ին կազմել է 64.1%, իսկ 2021 թվականին՝ 64.6%:

2020-2021 թվականներին ՀՀ-ում բուսական յուղի իրացման գների տատանումները հիմնականում համահունչ են եղել համաշխարհային գների տատանումներին։

Սուպերմարկետների կողմից կիրառվող գնային քաղաքականության շրջանակներում նշմարվել են որոշակի ուղղություններ, որոնք կարող են մրցակցային խնդիրներ առաջացնել, ինչից ելնելով Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ՝ հնարավոր խնդիրներն առավել ամբողջական ուսումնասիրելու և բացահայտելու նպատակով։

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JgQ8Oc :

Share