Տնտեսական

2023-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները մեղմացնելու նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ծախսերը կսուբսիդավորվեն։ Արդյունքում՝ 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ մնալով 200 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին հարցը ներառված էր Կառավարության նիստի օրակարգում։

Այս նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ սակագնից՝ 7.949 դրամի չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ սակագնից՝ 6.756 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ սակագնից՝ 1.193 դրամի չափով:

Նշվում է, որ Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց, իսկ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն Հայաստանի 2024 թվականի  պետական բյուջեի նախագծում:

Share