Բաժին. Տնտեսական

APPLE-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԵՆ ՆՈՐ ԳՆԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Ամերիկյան Apple ընկերության արժեթղթերի գինը երեկ` փետրվարի 13-ին, հատել է 500 դոլարի սահմանագիծը: Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը` ընկերության արժեթղթերի գինը շարունակական աճ գրանցել է հունվարի 25-ից սկսած, երբ Apple-ը հրապարակել էր 2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր հաշվետվությունը: Արդյունքում, շուրջ  2.5 շաբաթվա ընթացքում ընկերության արժեթղթերի գինն աճել է 75 դոլարով կամ 18%-ով:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել էր և կազմել 13,06 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել էր 73%-ով և կազմել 46,33 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում էր Apple-ի հայտարարության մեջ` այս ցուցանիշներն ընկերության համար ռեկորդային էին:

Ներկայումս Apple ընկերության կապիտալիզացիայի մակարդակը կազմում է 465 մլրդ դոլար, ինչն այս պահին Apple-ին դարձնում է աշխարհի ամենաթանկ հրապարակային ընկերությունը:

Apple ընկերության արժեթղթերը 300 դոլարի գնային սահմանագիծը հատել էին 2010 թվականի հոկտեմբերին: 2011 թվականի հունիսին ընկերության արժեթղթերը բորսայում շրջանառվում էին արդեն 400 դոլար գնային սահմանում:

Սպասվում է, որ արդեն մարտ ամսին Apple ընկերությունը կթողարկի իր iPad պլանշետ-համակարգիչնեի երրորդ սերունդը:

2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Apple ընկերությունը վաճառել էր 37.04 մլն iPhone սմարթֆոն: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել էր ավելի քան 120%-ով: Միևնույն ժամանակ, iPad պլանշետ-համակարգիչների վաճառքի ծավալներն աճել էին 111%-ով (15.43 մլն օրինակ):

Share