Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԻՋԵՑՐԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ 6 ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐԸ

Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է եվրոպական վեց երկրների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Իտալիայի և Մալթայի սուվերեն վարկային վարկանիշերը: Միևնույն ժամանակ, գործակալությունը վերանայել և կրճատել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի վարկանիշերի գծով կանխատեսումները:

Ինչպես նշվում է Moody’s-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ` նոր վերանայումների արդյունքում Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի վարկային վարկանիշերը սահմանվել են A3 մակարդակում, իսկ Սլովակիայի և Սլովենիայի վարկանիշերը` A2 մակարդակում: Այս բոլոր վեց երկրների վարկանշերի գծով կանխատեսումները մնացել են «բացասական»:

Ավստրիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի սուվերեն վարկային վարկանիշերը մնացել են Aaa մակարդակում, իսկ կանխատեսումները իջեցվել են մինչև «բացասական» մակարդակ:

Moody’s Investors Service գործակալության վերլուծաբանները, մեկնաբանելով եվրոպական վեց երկրների վարկանիշերի կրճատման և տարածաշրջանի մի քանի այլ երկրների վարկանիշների գծով կանխատեսումների իջեցման որոշումները, նշել են, որ դրանց համար   հիմք են հանդիսացել եվրոպական պարտքային ճգնաժամի խորացման ռիսկերն ու տարածաշրջանի ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը:  

Share