Բաժին. Տնտեսական

Թուրքիան մտադիր է երկարաձգել հացահատիկի գործարքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակում է հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը։

Հացահատիկի գործարքի ժամկետը լրացել է մարտի 18-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան երկարաձգում է համաձայնագիրը 60 օրով։ Մինչ այդ, գործարքը երկարաձգվել էր 120 օրով։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան այդ թեմայով շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի հետ։ Նա հաստատել է, որ Մոսկվան թույլ է տվել երկու ամսով երկարաձգել գործարքը։

Հիշեցնենք՝ 2022-ի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ստամբուլում արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել:

Գործարքը ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:

Ստամբուլում հուշագիր է ստորագրվել նաև Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի միջև, որը ենթադրում է կազմակերպության պարտավորությունները՝ համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման սահմանափակումները վերացնելու հարցում:

Share