Տնտեսական

AMX-ը գործարկել է AMXTrader նոր առևտրային համակարգը

Սույն թվականի մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկեց նոր առևտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին: Այն լրացուցիչ ճկունություն է հաղորդում շուկայի մասնակիցներին՝ թույլ տալով մեկ միասնական հարթակում իրականացնել մի շարք գործառույթներ:

Համակարգը գործարկվել է մասնակիցների կողմից թեսթավորումների մի քանի փուլեր անցնելուց հետո միայն, և այժմ այն վերջնական փոխարինում է հին՝ RTS-Armex Plaza համակարգին:

Նոր համակարգում հայտերի հիմքում է լինելու ոչ թե եկամտաբերությունը, այլ գինը՝ համապատասխան միջազգային ստանդարտների։ Տարբեր մոդուլների շնորհիվ համակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու ռեպո, հասցեական և երկկողմանի աճուրդով կնքվելիք հայտերն ու գործարքները։ Առաջարկված է տեղեկատվության ֆիլտրացիայի հարմարավետ համակարգ՝ անհրաժեշտ հայտերն ու գործարքներն արագ գտնելու և մշակելու համար։ AMXTrader-ն ունի հետադարձ կապի պատուհան, որի միջոցով մասնակիցները կարող են ինֆորմացիա ստանալ համակարգում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ։

AMXTrader-ը իր նորարական լուծումներով մատչելի և արդյունավետ գործիք է Բորսայի անդամների, հովանավորվող հաճախորդների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջին անգամ ֆիզիկական անձինք նույնպես կարող են գործարքներ կնքել անմիջապես Բորսայի հարթակներում։ AMXTrader համակարգը մեկ ամբողջական փաթեթով հնարավորություն է ընձեռում կատարել բորսայական գործարքներ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում։

AMXTrader համակարգը մասնակիցներին տալիս է հետևյալ առավելություններն ու հնարավորությունները՝

  • Ունենալ մեկ միասնական համակարգ արտարժույթի առևտրի, պետական ու կորպորատիվ արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում ինչպես աճուրդների, այնպես էլ առևտրի կազմակերպման համար։
  • Նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն։
  • Բորսայի անդամների հաճախորդների առևտրային համակարգին ուղղակի միանալու, հայտեր ներկայացնելու ու գործարքներ կնքելու հնարավորություն։
  • Ինտեգրել նոր հնարավորություններ և ծրագրային հավելվածներ, այդ թվում միջազգային, բորսայական առևտրային համակարգեր:

Նոր առևտրային համակարգին անցումնառավել հեշտ ապահովելու համար կայքումմշտապես կթարմացվի AMXTrader-ի համար նախատեսված հաճախ տրվող հարցերի էջը:

Անցումը AMXTrader-ին նոր խթան կլինի ոչ միայն ֆինանսական շուկայի ակտիվացման համար, այլ նաև հնարավորություն կընձեռի հայկական ֆինանսական շուկա բերել և ներդնել ոլորտի առաջատար լուծումները։ Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը, այն է՝ արդիականացնել արժեթղթերի կարգավորվող շուկան, արտարժույթի բորսայական հարթակները և ֆինանսական շուկայի մասնակիցներին մատուցել նոր ծառայություններ։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

 

Share