Բաժին. Տնտեսական

ՈՍԿԻՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է

2011 թվականին ոսկու համաշխարհային պահանջարկն աճել է շուրջ 5%-ով և կազմել 4.067 հազար տոննա, ինչը գնահատվում է շուրջ 205.5 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council, WGC):

Ըստ ներկայացված տվյալների` նախորդ տարի պատմության մեջ առաջին անգամ ոսկու տարեկան պահանջարկը գերազանցել է 200 մլրդ դոլարը:

Հատկանաշական է, որ 2011 թվականին ոսկու համաշխարհային պահանջարկի աճը մեծապես պայմանավորվել է այս թանկարժեք մետաղի նկատմամբ եվրոպացի ներդրողների հետաքրքրության աճով: Վերջիններս եվրոպական պարտքային ճգնաժամի խորացման ու տարածաշրջանում առկա ֆինանսական անկայունության պայմաններում որպես ներդրումային առավել արդյունավետ ակտիվ գերադասել են ոսկին: Արդյունքում, 2011 թվականի ընթացքում ոսկու մեկ տրոյական ունցիան սահմանել է գնային նոր ռեկորդ` գերազանցելով 1920 դոլար մակարդակը:

Միևնույն ժամանակ, նախորդ տարին իրենց ոսկու պաշարներն են համալրել նաև աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը:

Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով` ներկայումս ոսկին առավել մեծ պահանջարկ վայելում է Չինաստանում և Հնդկաստանում:

Share