Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ ԿՀՈՍԵՆ ՉԻՆԱՍՏԱՆ

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում ադամանդի նկատմամբ պահանջարկը Չինաստանում կարող է գերազանցել աշխարհի ներկայիս «ամենաադամանդասեր» երկրում` ԱՄՆ-ում այս թանկարժեք քարի պահանջարկի ցուցանիշը: Այսպիսին է վերլուծաբանների կանխատեսումը: Վերջիններս գտնում են, որ վերջին ժամանակահատվածում Չինաստանում ադամանդի նկատամամբ պահանջարկի աճն առաջին հերթին պայմանավորված է բնակչության եկամուտների աճով և ճոխության ապրանքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմամբ: Սպասվում է, որ մինչև 2015 թվականը Չինաստանում ադամանդի վաճառքի ծավալները տարեկան կաճեն շուրջ 25%-ով: Արդյունքում, արդեն 2015 թվականին Չինաստտանն ադամանդի սպառման ծավալներով առաջ կանցնի ԱՄՆ-ից:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ն` ադամանդագործության ոլորտում համաշխարհային առաջատար De Beers ընկերությունը 2011 թվականին գրանցել է հասույթի 27% աճ, ինչն առավելապես ապահովել են ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաները:

Նշենք, որ ադամանդի սպառման ծավալներով ներկայումս Չինաստանն աշխարհում երկրորդն է` զիջելով միայն ԱՄՆ-ին, որտեղ նախորդ մեկ տարվա ընթացքում ադամանդների վաճառքի ծավալը գերազանցել է 5 մլրդ ԱՄՆ դոլարը:

2011 թվականին ադամանդի համաշխարհային գինն աճել է շուրջ 22%-ով:

Share