Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն  ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:

ՀՀ  կրթության և գիտության նախարարության հայտարարության համաձայն` այս հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև նպաստել համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանն` ըստ աշխատաշուկայի պահանջների:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի և սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: «Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. «Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին: Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը»: Նախարար Ա.Աշոտյանը նշել է  նաև, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում  փորձնական ծրագիր կիրականացվի,  համատեղ ծրագրեր  են նախատեսվում նաև  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:

«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, կարևորելով նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ  համագործակցությունը, նշել է. «Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձևավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար»:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ:

Share