Բաժին. Տնտեսական

ՀԲ-Ն ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՐԻ ՎՐԱ

Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելիկի կարծիքով` Հունաստանին հերթական տրանշի տրամադրումը էական դրական ազդեցություն չի կարող ունենալ այս երկրի ընդհանուր տնտեսական դրության վրա: ՀԲ նախագահը վստահ է, որ  ամեն-ինչ կախված է Հունաստանի ընդունած որոշումներից:

Ըստ Ռոբերտ Զելիկի` եվրոպական պարտքային ճգնաժամի մյուս զոհերը` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք «հետևում են» Հունաստանի օրինակին, ներկայումս ֆինասնական օգնության «կարիք» չունեն: Այս երկրների համար որպես լուծում ՀԲ նախագահն առաջարկում է մեծացնել տնտեսական աճի տեմպերը:

Հիշեցնենք, որ Երկարատև բանակցությունների արդյունքում Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Հունաստանին երկրորդ վարկային փաթեթի տրամադրման ծրագիրը: Այն կկազմի 130 մլն եվրո: Նոր օգնության միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը, որոնց ժամկետն ավարտվում է արդեն մարտ ամսին: Նշենք, որ վարկային միջոցների ուշացման կամ չտրամադրման պարագայում Հունաստանը կհայտնվեր դեֆոլտի եզրին:

Վարկի հաստատման նպատակով Հունաստանի խորհրդարանն ընդունել էր Եվրամիության (ԵՄ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պայմանները և հաստատել առավել խիստ տնտեսական քաղաքականությանն անցնելու ծրագիրը: Հունաստանի հակաճգնաժամային հանձնաժողովը մտադիր է վարկի դիմաց կատարել իր միջազգային վարկատուների պահանջները: Ֆինանսական օգնության համար այս երկիրը մինչև 2015 թվականը պարտավոր է կրճատել 150 հազար աշխատատեղ:

Share