Տնտեսական

Արտասահմանյան ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում

Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում՝ թուրքական արտահանման դադարեցումից հետո:  Այդ մասին տեղեկացնում է Iraq Oil Report-ը:

Թուրքիան նավթի արտահանումն Իրաքի հյուսիսից դադարեցրել է մարտի 25-ին՝ այն բանից հետո, երբ միջազգային արբիտրաժային դատարանը որոշեց, որ Թուրքիան խախտել է երկկողմ համաձայնագիրը՝ նպաստելով Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) անկախ խողովակաշարերի հոսքերին:

ՔՏԿ-ի ղեկավարները բանագնացներ են ուղարկել Բաղդադ, սակայն դաշնային իշխանությունների հետ դեռևս համաձայնության չեն հասել արտահանման վերականգնման շուրջ։ Iraq Oil Report-ի տվյալներով՝ իրավիճակի արագ հանգուցալուծման նշաններ չկան։

«Երկու կողմերի առաջարկները մերժվել են», – հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ, «Քրդստանի դեմոկրատական ​​կուսակցության» անդամ Շախավան Աբդուլլան։ Ըստ Iraq Oil Report-ի աղբյուրների՝ Իրաքի ղեկավարությունը պնդում է, որ Քրդստանի նավթը պետք է վաճառվի պետական ​​SOMO ընկերության միջոցով։

Նախկինում տարածաշրջանում արդյունահանվող նավթի արտահանումը և եկամուտները վերահսկվում էին ՔՏԿ-ի կողմից։ Իրաքյան Քրդստանում աշխատող նավթային ընկերությունները Թուրքիայի տարածքով օրական շուրջ 400 հազար բարել նավթ են փոխադրել։ Բացի այդ, փոխադրումների դադարեցումը վերաբերում է նաև դաշնային կառավարության կողմից վերահսկվող օրական 75 հազար բարել ծավալին:

Քիրքուք-Ջեյհան նավթամուղն անցնում է Իրաքյան Քրդստանով։ Իրաքից արտահանման ծավալները փետրվարին կազմել են օրական 3,295 մլն բարել կամ 8,9%-ով պակաս, քան հունվարին։ Մասնավորապես, անցած ամիս Կենտրոնական և Հարավային Իրաքի նավթահանքերից փոխադրվել է 89,14 մլն բարել, երկրի հյուսիսից՝ Քիրքուքի հանքավայրից Ջեյհան նավահանգստով՝ 3,834 մլն բարել։

Share