Բաժին. Տնտեսական

Ապրիլի 5-ից դադարեցվում է կաթնամթերքի արտահանումը Հայաստանից Ռուսաստան

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) խնդրում է Հայաստանին 2023 թ.-ի ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան: Այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թ.-ի ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով», – մեջբերում է ТАСС-ը զեկույցից։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 2023 թ.-ի մարտի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անասնաբուժական ծառայությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են 2023 թ.-ի մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները: Հանդիպման ընթացքում բարձրացվել է Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից ռուս սպառողների համար կաթնամթերքի անվտանգությունը երաշխավորելու անհնարինության հարցը։

Ռոսսելխոզնադզորը հավելել է, որ մատակարարումների վերսկսման հնարավորությունը կքննարկվի լրացուցիչ՝ հաշվի առնելով հայկական կողմի կողմից հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորում» հայտնել էին, որ նկատվում է Հայաստանից Ռուսաստանի շուկա կաթնամթերքի մատակարումների աճ։ Գերատեսչությունը հայտնել էր, որ հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառում։

Ի պատասխան այս հայտարարության՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ ՍԱՏՄ-ն նշել էր, որ կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում են՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։

Share