Բաժին. Տնտեսական

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԳՐՔԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ

Երեկ` փետրվարի 28-ին, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Մշակույթի նախարարության ղեկավարները հանդիպել են հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրավիրվածներին հանգամանորեն ներկայացրել է գրքի ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն առնչվող հարցերը:

Մասնավորապես, նշվել է, որ 2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ չի կատարվել հրատարակչական ոլորտին կամ գրքերի առք ու վաճառքի ոլորտին վերաբերող որևէ փոփոխություն, որը կարող է հանգեցնել հրատարակչական գործունեությամբ կամ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը, հետևաբար նաև գրքերի վաճառքի գների բարձրացմանը:

2012 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ` մասնավորապես «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքում, կատարվել են ընդհանուր նշանակության օրենսդրական փոփոխություններ` կապված միջնորդական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման մոտեցումների հետ: Նշյալ փոփոխությունների արդյունքում, սակայն, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթների ճիշտ կիրառության պարագայում ինչպես հրատարակչական գործունեությամբ, այնպես էլ գրքերի առք ու վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները ստիպված չեն լինի վճարել որևէ լրացուցիչ հարկ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ գործող օրենքում առկա վերոնշյալ կարգավորումների մասին հրատարակիչների և գիրք տարածողների ազգային ասոցիացիաներին կտրամադրվի պաշտոնական պարզաբանում:

Share