Բաժին. Տնտեսական

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։

Համաձայն հաստատված օրակարգի` «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է գործակալության 2011թ. տարեկան գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, անդրադարձ է արվել հաշվետու տարում ներդրումների ներգրավման, արտահանման խթանման ուղղությամբ իրականացված և ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների շրջանակում ԶՀԳ-ում կատարված փոփոխություններին:

Նա տեղեկացրել է, որ 2011թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, վերականգնվող էներգետիկա և արտադրություն), արտահանման խթանումը` շուրջ 3.9 մլրդ դրամ (սննդարդյունաբերություն, բնական քարերի վերամշակում և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ, իրականացվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:

Ներկայացված հաշվետվությունը հաստատվել է խորհրդի կողմից:

Նիստում քննարկվել են նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման մեխանիզմին առնչվող հարցեր: Ամփոփելով հնչած առաջարկությունները` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ԶՀԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին մշակել և հաջորդ նիստին ներկայացնել ռազմավարության իրականացման 2012թ. միջոցառումների ծրագիր:

Մեկ այլ հարցով հավանության են արժանացել գործակալության 2012թ. միջոցառումների ծրագիրը և 2012թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը:

Share