Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «ՌՈՒՍԱԼ» ընկերության կազմի մեջ մտնող «ԱՐՄԵՆԱԼ» գործարան: Կառավարության ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ, ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին և առաջիկա ծրագրերին: ՀՀ կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` այցից հետո վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի մետաղագործական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոլորտի հետագա զարգացման խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաև Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ոլորտում գործող հայաստանյան 28 ձեռնարկություններից 5-ը մասնակցում են խորհրդակցությանը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, մշակել է արդյունաբերության զարգացման նոր ծրագիր: «Այդ տեսակետից մետաղագործությունն իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այն ունի աճի և արտահանման մեծ ներուժ: Մեր մետաղագործական ձեռնարկությունների մի մասն աշխատում է տեղական հումքի վրա, և այս ոլորտում ներդրումների կարիք կա: Կոնկրետ «ՌՈՒՍԱԼ»-ի գործառույթները ՀՀ-ում ցույց են տալիս, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ապահովում է բավական բարձր արտադրողականություն և նոր շուկաներ է բացում: Այս քննարկման ընթացքում ցանկանում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ինչպես ենք այս ոլորտը պատկերացնում ապագայում, և դրա համար դուք ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից, կառավարությունն ինչ պարտավորություններ պետք է ստանձնի, որպեսզի մետաղագործության ոլորտում արդյունավետ ներդրումային ծրագրեր իրականացվեն», – նշել է վարչապետը:

Նա կարևորել է մի քանի օր առաջ Եվրամիության հետ մեր երկրում խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. «Եթե այդ գործընթացում հաջողություն արձանագրենք, ապա մեր տնտեսվարողների համար եվրոպական շուկան ամբողջությամբ կբացվի, ինչը կոնկրետ այս ձեռնարկության համար էական նշանակություն ունի»:

Կառավարության ղեկավարը նաև ողջունել է գործարանի արդիականացման նոր ծրագրի մշակումը, ինչը հնարավորություն կտա արտադրել համաշխարհային շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրորակ ալյումին:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով «ԱՐՄԵՆԱԼ»-ի արտադրանքի մասնաբաժինը հանրապետությունում գործող հիմնային մետաղներ արտադրող 28 կազմակերպությունների արտադրանքի կառուցվածքում կազմել է 22 տոկոս: Ընկերությունում աշխատում է 692 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը կազմում է 268 հազար դրամ:

2011թ. 2010թ.-ի համեմատ ընկերության արտադրությունն աճել է 2.7 տոկոսով՝ կազմելով 25 հազար 313 տոննա փայլաթիթեղ, որից 25 հազար 41 տոննա արտահանվել է:

2000-2011թթ. ընթացքում ընկերությունում ընդհանուր առմամբ կատարվել է 120 մլն դոլարի ներդրում: Այդ ընթացքում գործարանի արտադրանքը կազմել է 130 հազար տոննա, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլ երկրներ: 2012-2014 թվականներին ռուսական կապիտալով գործող ընկերությունը ծրագրում է ներդնել ևս 6 մլն դոլար՝ փայլաթիթեղի տարեկան արտադրական ծավալները 33.6 հազար տոննայի հասցնելու նպատակով: Նախատեսվող ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ երկարաձգելով ներմուծված վառարանի «Ժամանակավոր նորմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:

Share