Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավարևելյան Եվրոպայի, Թուրքիայի, Միջին Ասիայի և կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե դե Կամպին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մեր հարաբերությունները գնալով ընդլայնվում են: Մենք ծանոթացել ենք Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի նոր ռազմավարությանը: Մեր մասնագետները բարձր գնահատական են տալիս այդ փաստաթղթին: Այնպես որ, մենք գոհ ենք երկկողմ համագործակցությունից»:

Օլիվյե դե Կամպը նշել է, որ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում հաստատված ներդրումային ծրագրերն արտացոլում են մեր երկրում ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերը: Կամպն ասել է, որ ՎԶԵԲ-ը մեծ նպատակներ ունի նոր ռազմավարության իրականացմամբ, որում նշանակալի ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնմանը:

«Վերջին 14 տարիների ընթացքում պարբերաբար այցելում եմ Հայաստան և կարող եմ ասել, որ զգալի փոփոխություներ են տեղի ունենում երկրում: Շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին, որ կարողացել եք դուրս գալ ճգնաժամից: Այժմ ավելի ուժեղ եք և ունեք ավելի զգույժ, խելամիտ և ֆիսկալ տնտեսական քաղաքականություն»,- նշել է Օլիվյե դե Կամպը՝ բարձր գնահատելով կառավարության ղեկավարի ջանքերը՝ երկրում ներդրումային մթնոլորտի բարելավան գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում, Տիգրան Սարգսյանը նշել է, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը կառավարության համար ունի քաղաքական բովանդակություն և վարչապետի գլխավորությամբ ստեղծված համապատասխան խորհուրդը պարբերաբար քննարկում է ոլորտին առնչվող խնդիրները՝ դրանց լուծման նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կառավարության կողմից ընդունված արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը և դրա շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ հնարավոր համագործակցությանը:

Նշենք, որ 2012 թվականի հունվարի 31-ի դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար հաստատել է 106 ծրագիր, որոնք ընդգրկել են էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, արտադրության և սպասարկման, անշարժ գույքի, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտները: Տրամադրված միջոցների ընդհանուր գումարը կազմել է մոտ 516 մլն եվրո: Հայաստանում Բանկի ծրագրերի մեծ մասն (95 տոկոսը) իրականացվում է մասնավոր ոլորտում:

Share