Բաժին. Տնտեսական

IBM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 7% ԱՃ

Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության  արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 7%-ով և կազմել 15,9 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան հասույթն աճել է 7%-ով և կազմել 106,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի արդյունքներով ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել է 13%-ով և կազմել 13,06 ԱՄՆ դոլար:

Ընկերությունը պլանավորում է մինչև 2015 թվականն ապահովել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթի 53% աճ:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին և  հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 399 հազար մարդ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

Share