Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՎԻՏԱՄԱՔՍ-Ե» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 14-ին, այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ճյուղերից դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող «Վիտամաքս-Ե» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին, առաջիկա ծրագրերին և զարգացման հեռանկարներին: 

Նշենք, որ 1997 թվականից գործող ընկերությունն արտադրում է «Նարինե» պրոբիոտիկ, որը համապատասխանում է միջազգային ժամանակակից GMP չափանիշներին: Այն արտահանվում է Ուկրաինա, Ճապոնիա, ՌԴ, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկիստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ և այլ երկրներ:

Ընկերության նոր և նշանակալի ուղղություններից մեկը բնական մրգային, բանջարեղենային և մսային փոշիների արտադրությունն է, որը կիրառվում է դեղագործական և սննդային արտադրության տարբեր ոլորտներում: Մշակվել է նաև էկոլոգիապես մաքուր հայրենական հումքի հիման վրա բարձր որակի մանկական սննդի արտադրություն իրականացնելու ծրագիր:

Կազմակերպությունն իր արտադրության ոլորտում ունի կաթնաթթվային մթերքների արտադրության համար անհրաժեշտ չոր մերանների բոլոր ձևերը, որոնք կիրառվում են մածունի, յոգուրտների, թթվասերի, կաթնաշոռի մերման համար:

2011թ. ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 1 մլն դոլար, իսկ արտադրանքի մոտ 50 տոկոսն արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 75 մարդ` միջինը 110 հազար դրամ աշխատավարձով:

Ներկայում ընկերությունը նախատեսում է իրականացնել արտադրական ծավալների ընդլայնման ու նոր արտադրության կազմակերպման ծրագիր: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից ակնկալվող 300 մլն ՀՀ դրամ վարկային միջոցների հաշվին: Ծրագրի շրջանակներում ընկերությունը կիրականացնի կապիտալ ներդրումներ, այդ թվում` նոր արտադրության կազմակերպման նպատակով կներկրվեն ժամանակակից սարքավորումներ:

Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքում «Վիտամաքս-Ե»-ն ծրագրում է աշխատատեղերի թիվը ներկայիս 75-ից հասցնել 100-ի և ավելացնել արտահանման ծավալները՝ նվաճելով նոր շուկաներ:

Share