Տնտեսական

ԵՄ-ում բարձրաձայնում են Ուկրաինայից ներկրման ծավալների՝ տեղական շուկայում բացասական ազդեցության մասին

Լեհաստանը թույլ է տալիս Ուկրաինայից սննդամթերք ներմուծել միայն ճանապարհորդների անձնական կարիքների համար: Նման հայտարարություն է տարածել Լեհաստանի Ազգային հարկային վարչությունը:

«Ազգային հարկային վարչությունը հստակեցնում է, որ Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը, որը սահմանվել է զարգացման և տեխնոլոգիաների նախարարի՝ 2023-ի ապրիլի 15-ի որոշմամբ, չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք ճանապարհորդների կողմից ներմուծվում են սեփական կարիքների համար», – ասվում է KAS-ի հաղորդագրության մեջ։

Անցած հանգստյան օրերին Հունգարիան ևս տեղի ֆերմերների բողոքների պատճառով հայտարարել էր ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դադարեցման մասին. ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները համաեվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ ԵՀ-ն ուսումնասիրում է այս տեղեկությունը, ևլրացուցիչ տեղեկություն է խնդրել։

Բուլղարիայի կառավարությունը ևս կքննարկի և կորոշի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքը՝ բացառելով տարանցումը։ Այստեղ էլ հայտարարել են, որ Բուլղարիան շարունակում է համերաշխ լինել Ուկրաինայի հետ, սակայն բուլղարական գյուղատնտեսական արտադրողների սնանկացումը նրան ոչ մի կերպ չի օգնի:

Հիշեցնենք՝ Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Սլովակիայի վարչապետները մարտի վերջին դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավարին և նշել, որ խնդիրները կապված են ԵՄ-ի անդամ երկրների, հատկապես՝ Ուկրաինային սահմանակից կամ դրա հարևանությամբ գտնվող երկրների շուկաներ ուկրաինական արտադրանքի մատակարարումների զգալի աճի հետ։

Share