Բաժին. Տնտեսական

ԲՐԱԶԻԼԻԱ-ՄԵՔՍԻԿԱ «ԱՎՏՈՊԱՏԵՐԱԶՄ»-Ն ԱՎԱՐՏՎԵԼ Է

Բրազիլիան և Մեքսիկան կնքել են հաշտության պայմանագիր: The Financial Times-ի փոխանցմամբ` այս երկու երկրները փոխադարձ համաձայնության են եկել Մեքսիկայից Բրազիլիա ավտոմեքենաների արտահանման հարցի շուրջ: Նշենք, որ Բրազիլիայի և Մեքսիկայի միջև ոլորտի առնչությամբ տարաձայնություններն ի հայտ էին եկել դեռևս 10 տարի առաջ: Երկու երկրները, նպատակ հետապնդելով աջակցել տեղական ավտոարտադրողներին, համապատասխան քայլեր էին ձեռնարկել և արդյունքում հայտնվել շահերի բախման կենտրոնում: Մասնավորապես, Մեքսիկան ամեն կերպ խթանում էր ավտոմեքենաների արտահանումը Բրազիլիա, իսկ Բրազիլիան զսպում էր երկիր մեքսիկական արտադրության ավտոմեքենաների ներմուծումը` ցանկանալով ներքին արտադրողներին պաշտպանել հնարավոր սուր մրցակությունից: Եվ հիմա, շուրջ 10 ամիս տևած բանակցությունները տվել են դրական արդյունք:

Համաձայն ստորագրված պայմանագրի` Մեքսիկան սեփական նախաձեռնությամբ կսահմանափակի Բրազիլիա ավտոմեքենաների արտահանումը: Երկրի ավտոարտադրողներին առաջիկա երեք տարիների ընթացքում հնարավորություն կտրվի Բրազիլիա արտահանել 1.55 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ավտոմեքենաներ: Բրազիլիան, իր հերթին, կիջեցնի մեքսիկական արտադրության ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքերը:

Նշենք, որ մինչ այս Բրազիլիան մեքսիկական ավտոմեքենաների համար սահմանել էր 35% ներմուծման մաքսատուրք:

2010 թվականի արդյունքներով Մեքսիկան առաջ էր անցել Գերմանիայից և ավտոմեքենաների արտադրության ծավալով դարձել աշխարհի 4-րդ երկիրը: Երկրի կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ապահովել ավտոարտադրության ծավալների տարեկան 30-40% աճ:

Share