Բաժին. Տնտեսական

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

«Արի տուն» ծրագրի շրջանակում այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանիների և երիտասարդների: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Արի տուն» և այլ ծրագրերի շուրջ հարցեր են այսօր քննարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու և քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար` Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման և առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում: «Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին»,- նշել է Հրանուշ Հակոբյանը: Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաև «Իմ Հայաստան»խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Share