Բաժին. Տնտեսական

ՆԱՎԹԻ ԲԱՐՁՐ ԳԻՆԸ՝ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌ

Նավթի բարձր գինը համաշխարհային տնտեսությանը սպառնացող լուրջ վտանգ է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը՝ ընդգծելով, որ Իրանի «նավթային անկայունության» պայմաններում նավթի համաշխարհային գինը կարող է կտրուկ բարձրանալ, ինչը և իր հերթին կարող է նոր ճգնաժամի պատճառ դառնալ:

Ելույթ ունենալով ԱՄՀ մամուլի ասուլիսի ժամանակ՝ Քրիստին Լագարդը նշել է, որ եվրոպական պարտքային ճգնաժամն աստիճանաբար նահանջում է, և համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ ուղղված է Իրանի նկատմամբ սանկցիաների կիառման պայմաններում նավթի գնի դրսևորումներին: ԱՄՀ կանխատեսում է, որ Իրանից նավթի մատակարարումների ժամանակավոր դադարեցման և արտահանման ծավալների կրճատման արդյունքում նավթի համաշխարհային գինը կարող է աճել 20-30%-ով:

Նշենք, որ փետրվարին Իրանում նավթի արդյունահանման ծավալները հասել էին վերջին 10 տարվա կտրվածքով ամենանվազագույն մակարդակին` կազմելով 3.38 մլն բարել մեկ օրում:

Միջազգային Էներգետիկ գործակալության կանխատեսումներով` ընթացիկ տարվա հուլիս ամսից սկսած, երբ Եվրամիության անդամ երկրներում ուժի մեջ կմտնի իրանական նավթի ներմուծման էմբարգոն, իրանական նավթի արտահանման ծավալները կկրճատվեն և կկազմեն օրական 1 մլն բարել:

Հիշեցնենք, որ Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել էին 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանի «ատոմային համառությանը»:

Share