Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 495 ՄԼՆ ԵՎՐՈ

Հունաստանի Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2012 թվականի հունվար-փետրվար ամսիներին երկրի պետական բյուջեի պակասուրդը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է գրեթե երկու անգամ և կազմել է 495 մլն եվրո:

Հունաստանի կառավարությունը մտադիր է իր որդեգրած՝ ծախսերի կրճատման քաղաքականության շնորհիվ 2012 թվականն ամփոփել բյուջեի ավելցուկով:

ԱՄՀ փորձագետների հավաստմամբ, սակայն, բյուջեի ավելցուկի դեպքում անգամ Հունաստանը ստիպված են լինելու մինչև 2015 թվականը պետական ծախսերը կրճատել ևս 14,4 մլրդ եվրոյով:

Հիշեցնենք, որ օրերս Հունաստանի խորհրդարանը վերջնականապես հաստատել էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվարմիության (ԵՄ) հետ իր փրկության վարկային համաձայնագիրը:

Ըստ հաստատված համաձայնագրի՝ Հունաստանին տրամադրվելիք վարկային փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 170 մլրդ եվրո: Գումարը մաս-մաս Հունաստանին կտրամադրվի մինչև 2015 թվականը:

Հունաստանն իր ֆինանսական խնդիրներով հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

2010 թվականին հաստատված առաջին վարկային փաթեթը` 100 մլրդ եվրո ծավալով, չբավարարեց Հունաստանին` իր բոլոր խնդիրները լուծելու համար:

Share