Տնտեսական

Ռուսաստանը Եվրոպային բաժին ընկնող նավթից 140 մլն տոննան կարտահանի Ասիա

Նախկինում Եվրոպային բաժին ընկնող 220 միլիոն տոննա արտահանվող նավթից և նավթամթերքից 140 միլիոնը Ռուսաստանը 2023-ին կուղարկի Ասիա: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստի կուլուարներում:

«Այս տարի (խմբ.՝ Ասիա) կգնա 140 միլիոն տոննա նավթ ու նավթամթերք: Մոտավորապես 80-90 միլիոն տոննան կմնա Արևմուտքին», – Նովակի խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը։

2022-ին եվրոպական շուկաների համար նախատեսված ​​ծավալից Արևելք է հասել մոտավորապես 40 մլն տոննա նավթ ու նավթամթերք։

Այսպիսով, 2023-ին Ռուսաստանը պլանավորում է Ասիա ուղարկել ավելի վաղ Եվրոպային բաժին ընկնող նավթի և նավթամթերքի ծավալի ավելի քան 60%-ը։

Փետրվարին ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ 2022-ին Ռուսաստանից նավթի արտահանումը հասել է 242 մլն տոննայի՝ ավելանալով 7.6 %-ով։ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ դրամական արտահայտությամբ արտահանողները հանքային վառելիքի, նավթի և նավթի թորումից հետո ստեղծված արտադրանքի արտահանումը 2021 թ.-ի համեմատությամբ ավելացրել են 42.8%-ով՝ հասցնելով մինչև 383,7 մլրդ դոլարի։

Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ բյուջեի նավթագազային եկամուտները տարեկան կտրվածքով նվազել են 45%-ով, ինչն, ըստ ֆինանսների նախարարության, «առաջին հերթին պայմանավորված է Urals մակնիշի նավթի գնանշումների նվազմամբ և բնական գազի արտահանման նվազմամբ»։

Share