Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ «ԱՐԱՐԱՏ ՍՆՆԴԻ ԿՈՄԲԻՆԱՏ»-ԻՆ

ՀՀ կառավարությունն «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014թ. նոյեմբերի 1-ը։

Նշենք, որ այս ընկերությունը 2010թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած բնական հյութի արտադրության գործարան` ներդնելով ավելի քան 2 մլրդ դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։

Այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա տարայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի, հատապտղի և թեյի փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն: Միևնույն ժամանակ, նախատեսում է իրականացնել մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Սա այն ձեռնարկությունն էր, որն արձագանքեց կառավարության առաջարկին, – ասել է վարչապետը։ – Հիշում եք` երեք տարի առաջ մենք դիմեցինք ներմուծմամբ զբաղվող մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ եթե նրանք իրենց ներմուծվող ապրանքը փոխարինեն հայկական արտադրանքով, կստանան կառավարության օժանդակությունը։ Սա այն ընկերությունն է, որը հավատաց և ներդրումային ծրագիր ներկայացրեց»:

Նշենք, որ այսօր արդեն կա 14 այդպիսի ձեռնարկություն, որն իր ներդրումային ծրագրերի շրջանակներում ստանում է ՀՀ կառավարության աջակցությունը:

Share