Տնտեսական

ՊԵԿ. Բացահայտվել են առանց մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու դեպքեր

 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզական բաժնի և  ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել  են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցն այլ անձին հանձնելու մի շարք դեպքեր։ 

Այսպես, 2023 թվականի ապրիլի 7-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կանգնեցվել և ստուգվել է շուրջ 9 տասնյակից ավելի ՀՀ ներմուծված հիմնականում վրացական պետհամարանիշերով ավտոտրանսպորտային միջոց: Ավտոմեքենաներից 5-ը  եղել է հանձնված այլ անձի, իսկ մեկ դեպքում էլ խախտված է եղել հետագա արտահանման պարտավորությունը։ Նշված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են  ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանման տարածք, այնուհետև ՊԵԿ մաքսային հսկողության գոտի։

Իրավախախտումների վերաբերյալ կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ և 309-րդ հոդվածի հատկանիշներով և նյութերը փոխանցվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ իրազեկում է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքում պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով: Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները կարող են հայտարարատուի կողմից փոխանցվել այն անձին, որին սեփականության իրավունքով պատկանում է տրանսպորտային միջոցը, ինչպես նաև առանց մաքսային մարմնի թույլտվության և առանց մաքսային հայտարարագրի թույլատրվում է անդամ պետության ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը փոխանցել նրա ծնողներին, երեխաներին, ամուսնուն  կամ կնոջը։ Նշված արարքների խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի 20 տոկոսի չափով։

Share