Տնտեսական

Իրանը պատրաստ է շարունակել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում վերջին քայլերը կարող են արվել առանց նախապայմանների և կողմերի վճռականության շնորհիվ. իրանական կողմն արդեն քանիցս հայտնել է իր պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը: Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը:

«Առանց որևէ նախապայմանի, բոլոր կողմերի բարի կամքի ու վճռականության շնորհիվ և մինչև այժմ իրականացված բանակցությունների շրջանակներում կարող են ձեռնարկվել բանակցությունների եզրափակիչ քայլերը: Միացյալ Նահանգները պետք է կամք և ուժ ունենա երկարատև բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Իրանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել` շարունակելու բանակցությունները մինչև համաձայնագրի կնքումը», – ասել է Իրանի մշտական ներկայացուցիչը։

2015-ին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018-ի մայիսին Վաշինգտոնն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Ամերիկյան նոր վարչակազմի օրոք Վիեննայում բանակցություններ են անցկացվել ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացման շուրջ։ 2021-ի դեկտեմբերին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու համաձայնագրերի նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաև Իրանի դիրքորոշումները։ Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քիանիի խոսքով՝ բանակցությունները հաջող են ընթացել, սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում առաջընթացը գնահատել է որպես համեստ՝ Թեհրանին կոչ անելով լրջորեն վերաբերվել խնդրին։ Այժմ Վիեննայի բանակցային գործընթացում դադար է:

Share