Բաժին. Տնտեսական

ORANGE-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ֆիքսված կապի օպերատոր «Էկվանտ» ընկերությունը, որը ֆրանսիական հեռահաղորդակցական France Telecom խմբի անդամ է, ստացել է Ռուսաստանում Orange ապրանքային նշանի բացառիկ օգտագործման իրավունք: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը՝ այս ապրանքային նշանը ՌԴ տարածքում գրանցվել է 11 կատեգորիաներում, այդ թվում է որպես հեռահաղորդակցական ու էլեկտրոնային սարքավորումների բրենդ:

Հատկանշական է, որ մինչ այս «Էկվանտ» ընկերությունն օգտագործել է Orange բրենդը, սակայն չի ունեցել իրավունք  պաշտպանել այն դատական կարգով՝ երկրորդ անձանց կողմից ապրանքային նշանի անօրինական օգտագործման դեպքում:

«Էկվանտ»-ին Orange բրենդին «միացնելու» որոշումն ընդունվել էր դեռևս 2005 թվականին, սակայն դա իրագործելու համար պահանջվեց մի քանի տարի: Հիմնական խնդիրն այն էր, որ Orange բրենդը Ռուսաստանում 1993 թվականին գրանցել էր eHouse ընկերությունը: Հետագայում, սակայն, France Telecom-ը դատական կարգով սահմաանփակել էր ռուսական ընկերության կողմից բրենդի օգտագործման շրջանակները:

Հիշեցնենք, որ մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ ռուսական ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգը, որին պատկանում է բջջային կապի խոշորագույն օպերատոր ՄՏՍ ընկերությունը, որոշել է փոխանակել ՄՏՍ-ի վերահսկիչ փաթեթը (ընկերության բաժնետոմսերի 52,8%-ը) մեկ այլ միջազգային խոշոր կառույցի բաժնետոսմերի մինորիտար փաթեթի հետ:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ`  ԱՖԿ «Սիստեմա»-ն ներկայումս բանակցություններ է վարում ֆրանսիական France Telecom (ապրանքանիշը` orange) հեռահաղորդակցական ընկերության հետ:

Share