Բաժին. Տնտեսական

ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

Երեկ երեկոյան Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է ազգային տնտեսության բարեփոխումների օրինագծերի փաթեթը: Ըստ այս փաթեթի՝ նախատեսվող բարեփոխումները կնպաստեն երկրի տնտեսության աճի ապահովմանն ու տնտեսական մրցունակության բարձրացմանը: Իրականացվելիք բարեփոխումները վերաբերում են իտալական տնտեսության բոլոր ոլորտներին, սակայն առավել մեծ փոփոխություններ սպասվում են ֆինանսական համակարգում:

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հաստատված բարեփոխումների շրջանակներում նախատեսում է նաև աշխատանքի շուկայի կառուցվածքային բարեփոխումներ:

Հիշեցնենք, որ վերջերս Իտալիայի կառավարությունը, երկրի տնտեսական խնդիրներով պայմանավորված, հրաժարվել էր պայքարել 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու իրավունքի համար:

Իտալիան տարածաշրջանի այն երկրներից է, որոնք զգալի տուժել են եվրոպական պարտքային ճգնաժամից: Այս երկրի արտաքին պետական պարտքը կազմում է շուրջ 1.9 տրիլիոն եվրո` գերազանցելով ՀՆԱ-ի 120%-ը:

Իտալիայի կառավարությունը ներկայումս անցում է կատարել զսպող քաղաքականության:

Նման պայմաններում մի շարք միջազգային վարկանիշային գործակալություններ արդեն իսկ մի քանի մակարդակով իջեցրել են Իտալիայի վարկանիշերը:

Share