Բաժին. Տնտեսական

ՀԱՅ-ԵԹՈՎՊԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԶԱՐԳԱՆԱՆ ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 23-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելեսին:

Շնորհավորելով դիվանագիտական  պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Տարոն Մարգարյանը  հաջողություններ է մաղթել դեսպանին և մատնանշելով հայ-եթովպիական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ այսօր էլ առկա է երկուստեք հարաբերությունների նորովի զարգացման մեծ ներուժ:

«Մենք ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցություն հաստատել մեր մայրաքաղաքների միջև։ Պատրաստ ենք աջակցել մշակութային և գործնական ծրագրերին: Որքան սերտանան կապերը մեր քաղաքների միջև, այնքան ավելի շուտ կյանքի կկոչվեն մեր  նախաձեռնությունները»,-  նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով  ջերմ ընդունելության համար` դեսպան Կասահուն Դենդեր Մելեսը, ընդգծելով դեռևս 17-րդ դարից ձևավորված հայ-եթովպիական կրոնական ու մշակութային սերտ կապերը,  հույս է հայտնել, որ հայ-եթովպիական հարաբերությունները կզարգանան այլ ուղղություններով ևս, հատկապես հաշվի առնելով առկա գործնական կապերը:

Դեսպանը նաև տեղեկացրել է, որ նախատեսում են Հայաստանում կազմակերպել եթովպիական մշակույթի օրեր և ուրախ կլինի այդ համատեքստում քննարկել քույր քաղաքների ձևավորման և համագործակցության հեռանկարը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է փաստաթղթային ձևակերպում տալ հարաբերություններին և համագործակցության եզրեր գտնել նաև երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև` կարևորելով համատեղ  փորձի փոխանակումը:

Share