Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Այսօր՝ մարտի 27-ին,  կայացել է «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողով: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Խորհրդաժողովի մասնակիցների թվում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպին, ՀՀ նախարարությունների, մարզպետարանների, ՀԿ- ների և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը զեկուցումներով և ելույթներով հանդես են եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` «Գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով, Դաֆինա Գերչևան`«ՄԱԿ-ի դերը պարենային անվտանգության ապահովման գործում» թեմայով, Ժան Միշել Հապպին` «Պարենային անվտանգության հիմնախնդիրները և վերջինիս լուծմանն ուղղված Համաշխարհային բանկի մոտեցումները» թեմայով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` «ՀՀ Արարատի մարզի դերը հանրապետության գյուղատնտեսության և պարենային անվտանգության ապահովման գործում» թեմայով, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը` «Սննդամթերքի անվտանգությունը որպես պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ» թեմայով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ պարենային անվտանգության հիմնախնդրի լուծմանն ուղղված միասնական, արդյունավետ և հիմնավորված քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Ազգային անվտանգության խորհրդի համակարգմամբ, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների մասնակցությամբ մշակվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության հայեցակարգը», որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մայիսի 18-ի կարգադրությամբ:

Հայեցակարգի հիմնական նպատակն է` ապահովել բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել դիմակայելու սննդամթերքի ներքին և արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին և հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին:

Share