Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:

Մարկ Հորթոնը վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ համատեղ գերազանց առաքելություն ենք իրականացրել, որովհետև կարողացել ենք իրագործել այն, ինչ մեր առջև սահմանել էինք: 2011թ.-ի վերջին արձանագրված արդյունքներով ծրագրի կատարողականը բարձր է, իսկ ՀՀ պետական բյուջեի արդյունքների առումով կատարողականը բացառիկ է: Սոցիալական ծախսերի հասցեականության բարձրացմանն ուղղված միջոցառումը ևս գերազանց է և ողջունելի: Հիշատակման է արժանի նաև պահուստների ապահովման չափորոշիչի կատարումը, որն ամբողջովին ապահովվել է»,- ասել է Մարկ Հորթոնը: Նա նշել է, որ ԱՄՀ-ն առաջիկայում պատրաստ է օժանադակություն ցուցաբարել Հայաստանին՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար:

«Ուրախ ենք, որ ծրագրի կատարողականը բարձր է գնահատվում: Ապագա տարիների համար մեր հիմնական մակրոտնտեսական խնդիրն է լինելու մասնավոր ներդրումների ցուցանիշի բարելավումը, ինչին կնպաստի նաև արդյունաբերական նոր քաղաքականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Մարկ Հորթոնը շնորհավորել է վարչապետին՝ 2012 թ.-ի համար նախատեսված հարկային հավակնոտ փաթեթն Ազգային Ժողովում հաստատելու կապակցությամբ: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն ուրախալի է համարել պետական եկամուտների կոմիտեում վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումները: Մարկ Հորթոնը ողջունել է «Կանոնակարգիչ գիլյոտին» ծրագրի իրականացումը, ինչպես նաև կառավարության բարեփոխումները՝ սոցիալական ոլորտում, մասնավորապես, կենսաթոշակային համակարգում: 

Այս առումով, Տիգրան Սարգսյանը նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները հանդիսանում են կառավարության առաջնային ուղղություններից մեկը: Այդ համատեքստում, 2012 թ.-ի ընթացքում ներդրվելու է անհատական հաշվառման համակարգ և անցում է կատարավելու պարտադիր կուտակային հիմնադրամներին:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Share