Բաժին. Տնտեսական

80 գործատուների մասնակցությամբ Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ,  մայիսի 5-ին կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի 80 առաջատար գործատուներ՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, հյուրեր, որոնք շրջեցին տաղավարներով, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է․ նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։ Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է ստեղծում, որ գործատուների բազմազան առաջարկներից ուսանողներն ընտրեն իրենց նախասիրություններին, կարողություններին, անձնային որակներին համապատասխան աշխատանք։

ՀՀ պետական և մասնավոր հատվածի խոշորագույն ընկերություններն աննախադեպ հնարավորություն ունեցան խորհրդատվություն տրամադրելու թափուր աշխատատեղերի մասին, կազմակերպության համալրման համար կադրային բազա հավաքագրելու, իսկ աշխատանք փնտրողները՝ հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործատուի հետ, ընդգրկվելու թափուր աշխատատեղերի հավակնորդների ցանկում։

Տոնավաճառից հետո կայացավ «ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և քննարկեցին աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

Share