Բաժին. Տնտեսական

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Սինգապուրի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, մասնակցել է Սինգապուրի բիզնես ֆեդերացիայի անունից ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ճաշին, որին ներկա են եղել այդ երկրի խոշոր գործարարներն ու ամենաազդեցիկ կորպորացիաների ղեկավարները: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները:

Սինգապուրի գործարար շրջանակների ներկայացուցիչները հետաքրքրվել են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության, քաղաքաշինության և քաղաքաշինական ծրագրավորման, ՀԷԿ-երի շինարարության, աղբահանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Սինգապուր կայցելեն նաև հայ գործարարները` բանակցություններն ու մտադրություններն ավելի որոշակի ծրագրերի վերածելու նպատակով:

Share