Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են արգելել ցանկացած ապրանքի ներմուծումը Մոլդովայից, եթե Մոլդովայի կառավարությունը սահմանափակի հացահատիկի ներկրումն Ուկրաինայից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության փոխնախարար Տարաս Կաչկան։
«Մենք Քիշնևին տեղեկացրել ենք, որ Մոլդովայի կողմից ցանկացած սահմանափակում կդիտարկվի որպես ծայրահեղ անբարյացակամ քայլ և կհանգեցնի Մոլդովայից բոլոր ներմուծումների անհապաղ արգելքին», – ասել է պաշտոնյան:
Գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Կիևի կողմից նման արգելքի ներդրումն արդեն համաձայնեցված է և նախապատրաստական փուլում է։
Հիշեցնենք՝ օրերս Մոլդովայի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վլադիմիր Բոլյան հայտարարել է, որ պատրաստվում է սահմանափակել հացահատիկի ներկրումն Ուկրաինայից՝ հետևելով Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների օրինակին։