Տնտեսական

ԵՄ անդամ երկրներին հանձնել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթի վերաբերյալ: Նոր փաթեթում ներառված են նաև սահմանափակումները շրջանցելու դեմ ձեռնարկվող միջոցառումներ: Այս մասին հաղորդում է Le Monde-ը:

«Փաթեթը կենտրոնանալու է պատժամիջոցների իրականացման, դրանց արդյունավետության և այն բանի վրա, թե ինչպես խուսափել դրանց շրջանցումից», – հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։

Ըստ պարբերականի՝ որպես նոր փաթեթի մի մաս՝ ԵՄ-ն հանձնարարում է դադարեցնել զգայուն տեխնոլոգիաների մատակարարումը չինական 8 ընկերությունների, քանի որ դրանք կասկածվում են այդ տեխնոլոգիաները Ռուսաստանին վաճառելու մեջ: Չինաստանն արդեն նախազգուշացրել է, որ իր հանդեպ պատժամիջոցներ սահմանելը բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար:

ԵՄ դեսպանները պետք է հանդիպեն չորեքշաբթի՝ մայիսի 10-ին, և քննարկեն վերջին առաջարկները:

Եվրոպական Միությունը Մոսկվայի հանդեպ պատժամիջոցների 10 փաթեթ է սահմանել 2022 թ.-ի փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելուց ի վեր: Ըստ Le Monde-ի՝ Եվրամիության որոշ դիվանագետներ ընդունում են, որ ԵՄ-ն արդեն մոտեցել է լայնածավալ միջոցներ կիրառելու սահմանակետին. Բրյուսելն այժմ ուշադրությունը հրավիրում է գործող պատժամիջոցների բացերը լրացնելու վրա:

Share