Բաժին. Տնտեսական

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Կոտայքի մարզում առաջնային տեղում գործազրկության խնդիրն է, ինչով և պայմանավորված մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով: Այսօր` մարտի 29-ին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության արտագնա նիստի ժամանակ:

Վարչապետը նշել է, որ Կոտայքի մարզի առանձնահատկություններից է նաև այն, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ Միևնույն ժամանակ, մարզի բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը։

«Չնայած Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, տուրիստական բազմաթիվ օբյեկտներ կան մարզում, բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։ Դա նաև այս մարզի առանձնահատկությունն է», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես ներկայացվել է կառավարության նիստի ժամանակ` մարզի քաղաքացիներն իրենց մարզի համար առանձնացրել են մի շարք առաջնահերթություններ` հետևյալ հերթականությամբ. առաջին տեղը աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդ տեղում ճանապարհաշինարարությունը, երրորդ տեղում` գյուղի աջակցությունը, չորրորդ տեղում` առողջապահության ոլորտը: Հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Ըստ մարզի քաղաքացիների` Կոտայքի մարզի համար կարևոր խնդիր է նաև ուսուցիչների պակասը:

Հետաքրքիր է, որ Կոտայքի մարզն ամենալավատեսն է. այս մարզի քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ: Այս մարզն արտագնա աշխատանքի տեսակետից ամենացածր տեսակարար կշիռն ունի. հարցումները ցույց են տալիս, որ բնակչության շատ չնչին մասն է, որ իր ապագան կապում է արտագաղթի հետ` ի համեմատություն այլ մարզերի։

Share