Տնտեսական

ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում ռուսական ավիասեկտորի դեմ պատժամիջոցներին միանալ

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին` որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հավակնորդ, հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ թռիչքների արգելքի հետ: Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ Արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք, իհարկե, ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի իշխանությունների որոշումը Վրաստանի հետ ավիաթռիչքների արգելքը հանելու վերաբերյալ: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի առնչությամբ ԵՄ-ն և մի շարք միջազգային գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ: Եվ մենք թույլ չենք տալիս թռիչքները Ռուսաստանից, դեպի Ռուսաստան և նրա տարածքով: ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին, որը ցանկանում է դառնալ ԵՄ-ի թեկնածու, միանալ այդ պատժամիջոցներին, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում, և ուշադիր լինել գործող պատժամիջոցները շրջանցելու հարցում», – ասել է նա։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան ուղիղ չվերթների արգելքն ու Վրաստանի հետ այցագրային ռեժիմը:

Share